"Ներբեռնում..."

Տաթևի վանական համալիրի Մուտքի հարավային կողմի կառույց

Կառույցը գտնվում է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց 20մ դեպի հյուսիս՝ վանական համալիրի 12-րդ դարի մուտքի սրահի հարավ-արևմտյան անկյանը կից։ Հուշարձանի կառուցման ժամանակաշրջանի մասին պատմական ստույգ տեղեկություններ չկան։ Դատելով կառույցի որոշ առանձնահատկություններից, ենթադրաբար այն իրականացվել է 9-11 դարերում։ Ըստ պատմական տեղեկությունների 2,3-3մ լայնությամբ քառակուսի սենյակների շարքը ուղիղ գծով հասել է մինչև Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։ Կարելի է ենթադրել, որ շինությունը ծառայել է որպես միաբանների խցեր կամ ուխտավորների կացարաններ։ Շինությունը մեծ վնասներ է կրել 1931թ․ երկրաշարժի ժամանակ, որից հետո վերականգնման կամ ամրակայման աշխատանքներ չեն կատարվել։ Ներկա դրությամբ շինության արևմտյան կողմի 4 սենյակներից միայն 0․4մ-2․3մ բարևրությամբ պատեր են մնացել։ Արևելյան կողմի 2 սենյակները համեմատաբար ավելի լավ են պահպանվել, մասնակի վնասվածքներով դեռևս պահպանվում են դրանց թաղե ծածկերը։ Կառույցը իրականացված է տեղական կոպտատաշ բազալտ քարերով որոնք միմյանց կապակցված են կրավազային շաղախով։ 1986թ․ մշակվել է կառույցի վերականգնման նախագիծ, որը չի իրականացվել։ Հաշվի առնելով բազմակողմանի ուսունասիրությունների արդյունքները և ելնելով կառույցի իրավիճակից, ներկա նախագծով առաջարկվում է՝

  • Կառույցի մինչև մեր օրերը հասած հատվածի ամբողջական մաքրում, կարանախցում, թուլացված քարերի քանդում վերաշարում, ինչպես նաև ջրանթափանցելիության ապահովում։ Թաղերի վրա մաքրումից հետո իրականացնել բարակապատ միաձույլ թաղանթներ, իսկ պատերի ամբողջ երկարությամբ միաձույլ հակասեյսմիկ գոտիներ։
  • Պատերի հիմքերը խոնավությունից զերծ պահելու համար պատերին կից իրականացնել բազալտե սալվածքներ և առվակներ։
  • Լրացնել քարաշարքերում բացակայող քարերը և վերականգնել նախկինում գոյություն ունեցող բուխարին։
  • Կառույցի վերականգնումից հետո այն օգտագործել որպես գրատուն-հուշանվերների վաճառասրահ՝ պահեստասենյակով և աշխատակիցների սենյակով։ Նախատեսվում է սենյակների էլեկտրամատակարարում, ջրամատակարարում և ջեռուցում։
դիտել...