Տաթևի վանական համալիրի բաղնիքը
Տաթևի վանական համալիրի բաղնիքի կառուցման ժամանակաշրջանի մասին ստույգ տեղեկություններ չկան: Այն` ըստ որոշ հատկանիշների, կարող է թվագրվել որպես 17-18 դարերում իրականացված կառույց: Բաղնիքը կառուցված է վանական համալիրի արևելյան պարսպապատից դուրս 25մ հեռավորությամբ ձորի եզրին, դեպի հարավ ուղղված թեքադիր լանջի վրա: Բաղնիքը ուղղանկյուն հատակագծով կառույց է բաղկացած իրար հետ կապակցված 4 մասերից` բացօդյա նախասրահ, հանդերձարան, լողարան և ջրերի տաքացման խուց: 1931թ Զանգեզուրի երկրաշարժի ժամանակ հանդերձարանի թաղակապ ծածկի հարավ-արևելյան հատվածը փլուզվել է : Քանդվել և ձոր են թափվել նաև պատերի վերնամասերի քարերը: 1980-ական թվականներին բաղնիքը մասնակիորեն վերականգնվել է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել: Տասնյակ տարիների ընթացքում ներթափանցող ջրերի ազդեցության տակ հուշարձանը լուրջ վնասներ է կրել` լվացվել է քարերը կապակցող շաղախը, քարերը տեղաշարժվել են, թաղերի և պատերի վրա առաջացել են խոշոր ճաքեր:
2015թ կատարվել են լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, կազմվել տեխնիկական վիճակի մասին եզրակացություն, այնուհետև մշակվել է վերականգնման նախագիծ: Նախագծում նախատեսվում է`
- Բաղնիքի հարավ-արևելյան հիմնապատին զուգահեռ իրականացնել տեղային դրենաժ, ինչպես նաև ողջ պարագծով բազալտե սալվածք` պատերը և հիմքերը խոնավությունից պաշտպանելու համար
- Ամրակայման նպատակով թաղերից բոլոր շերտերի հեռացում, քարաշարքերի կարանների մաքրում, թաղերի վրա թաղանթների իրականացում, ինչպես նաև պատերի ամբողջ երկարությամբ հակասեյսմիկ գոտիների կառուցում
- Իրականացնել ներարկումներ պատերի ճաքերի և տեղաշարժված քարերի բացվածքներում
- Դեպի բաղնիք տանող վտանգավոր անցուղու նորոգում` այն այցելուների համար անվտանգ և մատչելի դարձնելու նպատակով









