"Ներբեռնում..."

Տաթևի վանական համալիրի Ճոճվող Սյուն Գավազանի վերականգնման նախագիծը

Ճոճվող Սյուն Գավազանը կառուցվել է Տաթևի վանական համալիրի բակի հարավային հատվածում` Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցուց 24մ դեպի հարավ: Սյունը կառուցվել է 906թ և նվիրվել է Սուրբ Երրորդությանը: Այն 8.30մ բարձրությամբ ութանիստ հորինվածք ունի: Սյունը ներքևից դեպի վեր բաժանված է 3 հորինվածքային մասի: Ներքևի մասում երկու քարերից կազմված պատվանդանն է 94սմ բարձրությամբ: Պատվանդանի ստորին քարը անշարժ է և կիսով չափ թաղված գետնի մեջ: Պատվանդանի վերին քարը շարժական է: Դրա ներքևի մակերեսը հոդային միացմամբ ճոճվում է ստորին աստիճանի քարի վրա: Միջնամասում պատվանդանի վրա նստած է 5.4 մ բարձրությամբ սյունը, որը պսակված է քիվով: Վերևում Սյուն Գավազանն ավարտվում է 92 սմ բարձրությամբ յուրատիպ խաչքարով:

Տաթևի Սյունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական միջնադարյան ճարտարապետության առանձին կանգնած սյուն –հուշարձանների մեջ: Այն միակ ճոճվող սյունն է, որը գետնի ցնցումներից, կամ հրումից կարող է մեծ ամպլիտուդայով ճոճվել և, աստիճանաբար տատանումները մարելով, վերադառնալ իր նախկին ուղղաձիգ դիրքին: Արդեն 1100 տարի ինժեներական մտքի այս հանճարեղ մարմնավորումը երբևէ չի քանդվել և մեր օրեր է հասել առանց որևէ էական փոփոխությունների, չնայած տարածաշրջանում հաճախակի երկրաշարժերի և զավթիչների հաճախակի հարձակումների, որոնց, ըստ ավանդույթի ճոճվող առեղծվածային Սյուն Գավազանը սարսափ էր հաղորդում:

Նախագծում` հիմնվելով Սյուն Գավազանին վերաբերող պատմական աղբյուրներին և ուսումնասիրություններին, կատարվել են վերլուծություններ, որոնք հիմք են հանդիսացել ինչպես վերականգնման նախագծի առաջարկների, այնպես էլ վերականգնման ընթացքի տեխնոլոգիական առանձնահատկությունների մշակման համար:

Նախագծով ներառում է`
-Հատուկ ապամոնտաժման սարքերի նախագիծ և աշխատանքների հերթականության կազմակերպում:
-Սյան վերին հատվածի ապամոնտաժում, տեղափոխում և վերատեղադրում
-Սյան ներքին հատվածի հոդային միացման ուսումնասիրում, ճոճման հնարավորությունների լիարժեք վերականգնում
-Ներքին, վթարային վիճակում գտնվող հատվածի քարերի համարակալում, ապամոնտաժում, մաքրում և վերաշարում օգտագործված հին կրաշաղախի հատկություններն ունեցող նոր շաղախով:

Նախագծի հաջորդ փուլով նախատեսվում է լուծել Սյուն Գավազանի ու ցանկապատի շրջակայքի սալահատակման և արտաքին ջրերի հեռացման խնդիրը:

դիտել...