Տաթևի վանական համալիրի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի
Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվել է 895-906թթ նախկինում գոյություն ունեցած Սուրբ Խաչ եկեղեցու տեղում, Հովհաննես 3-րդ եպիսկոպոսի նախաձեռնությամբ: Եկեղեցին բացառիկ տեղ է զբաղեցնում միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ: Եկեղեցու գմբեթը կրող համակարգի արևելյան երկու հզոր սյուները, որոնք նվիրված են Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս Առաքյալներին, կանգնած են ազատ, իսկ արևմտյան կողմի` գմբեթը կրող մյուս երկու մույթերը ներառված են ավանդատների պատերի անկյունային հատվածներում: Նման կոնստրուկտիվ համակարգի և այդպիսի ներքին տարածության կազմակերպման չենք հանդիպում որևէ այլ հայկական եկեղեցում:
Եկեղեցու արտաքին հարդարանքը զուսպ է: Զարդաքանդակներով երիզված են միայն պատուհանների և խորշերի վերնամասերի կլորավուն հատվածները և թմբուկը: 930թ հրավիրված վարպետների կողմից նկարազարդվել են եկեղեցու պատերը: Այժմ այդ որմնանկարներից միայն երկու փոքր հատվածներ խիստ քայքայված վիճակում պահպանվում են խորանի և հյուսիսային պատի վրա: 1138թ Գանձակի մեծ երկրաշարժից եկեղեցու գմբեթն ու թմբուկը ամբողջությամբ փլուզվել են և Հակոբ Ճահակեցի ճարտարապետի կողմից վերականգնվել 1200-ական թվականներին: Եկեղեցին երկրորդ անգամ ծանր վնասվածքներ է ստանում 1931թ Զանգեզուրի երկրաշարժի հետևանքով և մոտ կես դար մնացել կիսավեր: Այդ ընթացքում եկեղեցին մանրամասն ուսումնասիրվել և չափագրվել է հնագետ Յակոբսոնի, ճարտարապետներ Աղաբաբյանի, Արզումանյանի և Անանյանի կողմից, որի ղեկավարությամբ 1981թ կազմվեց եկեղեցու վերանորոգման նախագիծը: Այդ նախագծով վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1988թ: Կատարվել են մեծածավալ վերականգնողական աշխատանքներ եկեղեցու ամբողջացման ուղղությամբ, սակայն հարկ է նշել, որ դրանցից հետո շարունակվում էր եկեղեցու քայքայման գործընթացը անորակ շինարարական աշխատանքների հետևանքով: Հատկապես մտահոգիչ է ծածկերի անբավարար վիճակը, ինչի հետևանքով տեղի է ունենում անձրևաջրերի ներթափանցում եկեղեցու սրահ:
Հիմնվելով Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու վերաբերյալ պատմական աղբյուրներին, արխիվային նյութերին, ինչպես նաև տեղում կատարված ուսումնասիրություններին 2014-2016թթ մշակված վերականգնման նախագծում ներառվել են հետևյալ մի շարք առաջարկները, մասնավորապես`
- Եկեղեցու հիմքերը խոնավությունից զերծ պահելու նպատակով շրջակայքում արտաքին անձրևաջրերի հեռացման կազմակերպում` գետնի նիշի փոփոխումով, եկեղեցու պարագծով սալվածքի և եկեղեցու հյուսիս արևմտյան կողմում տեղական դրենաժի կազմակերպմամբ
- Եկեղեցու հիմքերի ամրակայում, արևելյան առանձին կանգնած մույթերի հիմքերի միմյանց կապակցում
- Սուրբ Պողոս Պետրոս և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հպման հատվածում հակասեյսմիկ կարանի վերականգնում, եկեղեցիների պատերի վերին եզրամասերը ամրակայող հակասեյսմիկ գոտիների իրականացում
- Եկեղեցու սրահի ջրանթափանցությունն ապահովելու նպատակով ծածկի ամբողջկան վերականգնում, քայքայված հատվածների, ինչպես նաև 1980-ական թթ աշխատանքների ընթացքում անորակ իրականացված սալվածքների վերաշարում
- Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու համար նախագծվել են նոր ջահ, որն իր չափսերով և հորինվածքով ավելի ներդաշնակ է եկեղեցու ներքին սրահին, հյուսիսային պատին կից նոր մկրտարան, ինչպես նաև նախատեսվում են գլխավոր խորանի նոր վարագույր և նստարաններ, որոնց լուծումներում օգտագործված են հայ ճարտարապետությանը և կիրառական արվեստին բնորոշ օրնամենտալ տարրեր
- Նախատեսվում է եկեղեցու ներկայիս դուռը փոխարինել իր իսկ նախնական դռան նմանօրինակով: (Պատմական դռան բնօրինակը պահպանվում է Հայաստանի Ազգային թանգարանում)






































