Տաթևի վանական համալիրի Օժանդակ և տնտեսական կառույցների հարավ-արևելյան մասնաշենքի վերականգնման և օգտագործման նախագիծ
Մասնաշենքը տեղադրված է վանքը զբաղեցնող տարածքի հարավային կողմում: Մասնաշենքի ձորահայաց պատերը տեղադրված են ձորը երիզող ուղղահայաց ժայռերի եզրին: Կառույցի մուտքերը գտնվում են վանքի ներքին բակի կողմից: Այս բարդ տարածքի կառուցապատումը սկսվել է դեռևս 9-րդ դարից: Ինչպես նշում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, “եպիսկոպոս Տեր Հովհաննես 3-րդը հարթելով և հավասարեցնելով տեղանքը շինում է սրբաշեն սեղանատներ, արհեստանոցներ, մթերանոց պահեստներ, սրբատներ եւ գրատներ”: 17-րդ դարի կեսերին մասնաշենքի արևելյան կողմից ավելանում են սրբատաշ քարերով կառուցված դահլիճներ, իսկ ավելի ուշ, արևմտյան կողմից կառուցվում են խցերը, պատշգամբը և բաց սրահը: 19-րդ դարի սկզբներին կատարվում են մասնաշենքի մի շարք կառույցների նորոգումներ: Փաստորեն, մասնաշենքն իրենից ներկայացնում է 11 դարերի ընթացքում անընդհատ կառուցված, վերանորոգված, համալրված և ընդլայնված, միմյանց ու բնական ժայռերին միաձուլված ու ներդաշնակ մի ամբողջական համալիր: Այն հիմնականում մեկ հարկանի, ծածկերը քարե թաղային կոնստրուկցիաներով իրականացված կառույց է, որն ունի նաև փայտե միջհարկային ծածկերով և նկուղային հարկերով հատվածներ:
Մասնաշենքը զգալի վնասվել 1931թ երկրաշարժի ժամանակ: Երկրաշարժից 50 տարի անց կազմվել է վերականգնման նախագծերը: 2014թ կատարված ուսումնասիրությունների արդյունքում և ըստ 2017թ կազմված Մասնաշենքի տեխնիկական եզրակացության, 1980-ական թվականներին կատարված վերականգնման աշխատանքներում կան մի շարք շեղումներ նախագծային լուծումներից: Բացի այդ, Մասնաշենքի կոնստրուկտիվ տարրերի /պատերի, թաղերի, տանիքի / մեջ կան ուժեղ և չափավոր ճաքեր, վնասվածքներ և քարաշարվածքի հողմահարումներ:
Ներկա նախագծով մասնավորապես նախատեսված է`
-Առաջնահերթ լուծել Մասնաշենքի տանիքի ջրամեկուսացման և հիմքերը խոնավությունից զերծ պահելու խնդիրները, ինչի համար անհրաժեշտ է `
ա/ փոխել տանիքից հեռացող ջրերի ուղղությունը դեպի բակ, որտեղից իրականացնել ջրերի կազմակերպված իրականացում
բ/ Մասնաշենքի բակին հարող պատերին կից իրականացնել ջրանթափանց սալվածքներ
գ/ Մասնաշենքի ժայռերին հարող պատերի ստորին հատվածները ամրակայել և կարանախցել



































