Տաթևի վանական համալիրի Հյուսիսային մուտքը և Աղբյուրը
Հյուսիսային մուտքը և Աղբյուրին հարակից տարածքը սերտորեն փոխկապված են միմյամց։ Դրանք գտնվում են Տաթևի վանական համալիրի հյուսիս-արևելյան մասում : Տաթևի վանքի հյուսիսային պարսպապատի մեջ նոր մուտքը 1875թ. բացում է Տաթևի վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը։ Նույն թվականին նա իր իսկ կողմից կառուցած գյուղի աղբյուրի ջրերը տանում հասցնում է վանք և բակում մեծ մուտքի առջև աղբյուր շինում: Այս մասին իրենց աշխատություններում վկայում են Արտակ Եպիսկոպոս Սմբատեանցը և ՄԵսրոպ մագիստրոս Արքեպիսկոպոսը Տեր Մովսիսյանը։ Հյուսիսային մուտքը փաստորեն վանական համալիրի հյուսիսային կողմից Սուրբ Պողոս - Պետրոս եկեղեցուն ուղղված մուտքի կազմակերպում է։ Հյուսիսային մուտքը, Աղբյուրը և դրան հարակից կառույցը պահպանվել են մինչև 1931թ. երկրաշարժը։ Արխիվային լուսանկարների համաձայն երկրաշարժը Հյուսիսային մուտքին մեծ վնասներ չի պատճառել։
Ըստ նույն լուսանկարի Աղբյուրը և հարակից կառույցը գրեթե հիմնովին փլուզվել են։ Խարխուլ վիճակում պահպանվել է Աղբյուրի մինչև ակնաքարի մասը։ Կարևոր է նշել, որ ի տարբերություն Տաթևի վանական համալիրի բազմաթիվ կառույցների Հյուսիսային մուտքը և Աղբյուրը իր հարակից տարածքով միչև 1980թ. լիարժեք չի չափագրվել, չի ուսումնասիրվել և առ այսօր անհրաժեշտ ուշադրության չի արժանացել։ 1980թ․ նախագծի մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ այն մշակելիս պատմամատենագիտական աղբյուրները և արխիվային լուսանկարները ամբողջությամբ չեն ուսումնասիրվել և պեղումներից բացահայտված նյութերը չեն կարևորվել։ Ըստ այդ նախագծի կատարված աշխատանքների` անհիմն փակվել է Հյուսիսային մուտքի բացվածքը և պատի շարվածքում անըդունելի տրամաբանությամբ տեղադրվել է 1875թ. Ստեփանոս եպիսկոպոսի կառուցած և 1931թ, երկրաշարժից փլուզված վանքի Պատմական աղբյուրի ակնաքարերը, դրանով իսկ Հյուսիսային մուտքը անհիմն ներկայացնելով որպես պատմական Աղբյուր: Վերացվել է Հյուսիսային մուտքի միջանցքից դեպի վանքի բակ իջնող ընդարձակ աստիճանները: Փոխարենը Հյուսիսային մուտքի ճակատից 1,6 մ հեռավորությամբ հենապատ է կառուցվել, փոս ընկած տարածությունը համահարթվել է և նոր ստեղծված հարթությունից իջնելու համար հարթակի արևելյան կողմում , պարսպապատին զուգահեռ նոր աստիճաններ կառուցվել, դրանով իսկ նսեմացնելով Հյուսիսային մուտքի, համալիրի բակի և Սուրբ Պողոս - Պետրոս եկեղեցու հորինվածքի ներդաշնակությունը։ Այս պարագայում անհրաժեշտ էր դառնում Հյուսիսային Մուտքի և Տաթևի պատմական Աղբյուրի նոր, հավաստի պատմահնագիտական նյութերի վրա հիմնված վերստեղծման նախագծի մշակումը:
2015-2016թթ իրականացված Հյուսիսային Մուտքի և Աղբյուրի վերստեղծման նախագծում` հիմնվելով արխիվային նյութերին ու լուսանկարներին կատարվել են պատմաճարտարապետական մանրազննին ուսումնասիրություններ և վերլուծություններ, որոնց արդյունքում վերաբացվել է վանքի Հյուսիսային Մուտքը, վերստեղծվել է իր տեղում Աղբյուրը: Վերականգնման աշխատանքների ընթացքում կատարվել են նաև պեղումներ, որոնց արդյունքում բացվել է հյուսիսային, դեպի Աղբյուր տանող շքամուտքի հատվածը /պատմական խողովակաշարի հատվածը և կարասը/, որոնք կոնսերվացվել են իրենց տեղում, Մուտքի միջանցքի ներքին հատվածում` ցուցադրվելով ապակու տակ:
















