"Ներբեռնում..."

Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Տաթևի վանական համալիրի հյուսիս-արևելյան մասում : Այն կառուցվել է 1087թ. վանահայր Գրիգոր Եպիսկոպոսի օրոք (1058-1116թթ)։ Այդ մասին վկայում է եկեղեցու արևմտյան պատի մուտքի մոտ գտնվող ընդարձակ արձանագրությունը։
Կառույցի առաջին հարկաբաժինը պարսպապատերին կից ուղղանկյուն զուգահեռանիստ է որտեղ գտնվում են Տաթևի վանական համալիրի գլխավոր մուտքի սրահը և դամբարանը։ Այդ կառույցների թաղերի գագաթների առանցքների վրա Երկրորդ հարկաբաժնում կառուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին իր ճարտարապետական մանրամասների լուծումներով առանձնահատուկ է : Հատկապես ուշագրավ է արխիվային լուսանկարների միջոցով բացահայտված ութանիստ թմբուկից տասնվեցանիստ հովհարաձև վեղարին անցման հատվածներիի լուծումը, որը թերևս եզակի է հայկական եկեղեցաշինության մեջ։
Պատմական տեղեկությունների համաձայն առաջին հարկաբաժնի տանիքը եկեղեցու շուրջը որպես դիտահարթակ է ծառայել, որտեղից լավ տեսանելի են վանքի բակը, հարակից տարածքները և հեռավոր տարածքներից վանքին մոտեցող ուղիները։ Այդ պատճառով ավանդաբար կառույցը նաև «դիտանոց» է անվանվել։
Եկեղեցին ուժգին ցնցումներ է կրել Զանգեզուրի 1831թ տեղի ունեցած երկրաշարժից, ինչի հետևանքով լայն բացվածքներ են առաջացել արևմտյան և հարավային պատերի վրա և գրեթե ամբողջությամբ թափվել են թմբուկի արևմտյան կողմի Երեսապատ քարերը։ Ծայրահեղ խարխլված վիճակում եկեղեցին այնուհանդերձ կանգուն է մնացել մինչև 1968թ երկրաշարժը, երբ հիմնովին փլուզվել է նրա հարավ-արևմտյան անկյունային հատվածը :1943թ. ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը չափագրել է խիստ վտանգված եկեղեցին, իսկ 1971թ. կազմել եկեղեցու վերականգնման նախագիծը:
1979 - 1980թթ. աշխատանքների ընթացքում վերականգնվել են հուշարձանի ծածկը, եկեղեցու ու հարթակի սալահատակը և դեպի եկեղեցին տանող աստիճանները:
Գնահատելով 1970 - ական թթ. կատարված մեծածավալ և կարևոր աշխատանքները փլատակներից եկեղեցին վերականգնելու տեսանկյունից միաժամանակ հարկ է նշել, որ դրանք չեն հանգեցրել ցանկալի և ավարտուն արդյունքների, քանի որ դեռևս ամբողջությամբ չէին բացահայտված հուշարձանի ճարտարապետական արժանահատկությունները։
Արխիվային նյութերի ուսումնասիրման ընթացքում պարզվեց որ 1970-ականներին արված վերականգնման ընթացքում եկեղեցու վեղարի բարձրությունը ավելի ցածր է իրականացվել: Ութանիստ թմբուկի և տասնվեցանիստ վեղարի միացման հատվածը նույնպես սխալ է իրականացված, ինչի հետևանքով խաթարվել է միայն Սուրբ Աստվածածին եկեղեցուն հատուկ թմբուկի և վեղարի միացման ուրույն կոնստրուկտիվ և գեղարվեստական լուծումը:
Հաշվի առնելով նշված թերությունները և նախագծի մշակմանը նախորդող բազմակողմանի ուսումնասիրությունները, այդ թվում՝ երկրաբանական, երկրաֆիզիկական, ինժեներաերկրաբանական և հնագիտական հետազոտությունների արդյունքները, 2016-2018թթ վերականգնած Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեցին հետևյալ աշխատանքները`
- Բարձրացվեց եկեղեցու կոնստրուկտիվ համակարգի (ներառյալ օգտագործված շինանյութերը) դիմադրողականությունը ստատիկ և սեյսմիկ ազդեցությունների նկատմամբ։
- Վերականգնվեցին նախորդ վերանորոգումների ժամանակ կորսված կամ աղավաղված կոնստրուկտիվ և ճարտարապետական հանգույցները` եկեղեցուն վերադարձնելով բնօրինակ ամբողջական կերպարը
- Ապահովվեցին եկեղեցական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ, եկեղեցու ներսույթը համալրվեց ջահով, խորանի վարագույրով և մոմակալներով:

դիտել...