"Ներբեռնում..."

Տաթևի վանական համալիրի Օժանդակ և տնտեսական կառույցների հյուսիս-արևմտյան մասնաշենքի վերականգնում և թանգարանի վերածում

Նախագծի մշակմանը նախորդել են Օժանդակ և տնտեսական կառույցների համալիր պատմաարխիվային, երկրաբանական, երկրաֆիզիկական և հնագիտական հետազոտություններ։ Կատարվել են կառույցի սեյսմիկ հաշվարկներ և կրող կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ։

13 –րդ դարի նշանավոր պատմիչ Տաթևի վանական համալիրի եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ 9-րդ դարի վերջերին Տաթևի վանական համալիրում Հովհաննես 3-րդ եպիսկոպոսը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Սյուն-Գավազանը և պաշտամունքային այլ կառույցներ շինելուց բացի շինում է՝ նաև բազմաթիվ տնտեսական կառույցներ` կացարաններ, սեղանատներ, արհեստանոցներ և մթերանոց-պահեստներ։

Այս կառույցներից Հյուսիս-արևմտյան հատվածը իրականացվել է հարթ տեղանքի վրա վանքի հյուսիսային և արևմտյան պարսպապատերին կից: Հյուսիսային պարպապատի երկարության կեսից ավելի տարածքը զբաղեցրել է ձիանոցը։

Կառույցի ծածկերը թաղակապ են։ Տանիքները հարթ ու հողածածկ։ Հողածածկ են եղել նաև հատակները, որոնց մեծ մասը 1980–ական թթ. երեսապատվել են գրանիտե սալիկներով։ 18-րդ դարի երկրորդ կեսին Աստապատցի Աբրահամ եպիսկոպոսը ձիանոցի վրա դպրոց է կառուցում, որը գոյատևում է մինչև 19-րդ դարի վերջերը։

Օժանդակ և տնտեսական կառույցներին և հարակից պարսպապատերին ու աշտարակներին մեծ վնասներ է պատճառվել 1931թ. –ին տեղի ունեցած Զանգեզուրի երկրաշարժը, ինչի հետևանքով կառույցների վրա մեծ ճաքեր են առաջացել։ Ամբողջությամբ փլուզվել է հյուսիս-արևմտյան աշտարակը։ Մոտ 55 տարի անց 1985–1986թթ. մշակվել է մասնաշենքի վերականգնման նախագիծը ըստ որի կատարվել են փլուզված ու կանգուն մնացած կառույցների հիմքերի, պատերի, թաղերի կամարների ու տանիքի ամրակայման և ուժեղացման լուծումներ։

2013-2014թթ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ 1980-ական թվականին կատարված վերականգնման աշխատանքները իրականացվել են ոչ լրիվ ծավալով և նախագծային լուծումներից շեղումներով։ Մասնավորապես, շինությունների հողածածկ տանիքները գտնվում էին խիստ անբավարար վիճակում՝ տանիքից ջրերը հիմնականում հեռանում էին քարե կոնստրուկցիաների միջով, քայքայում դրանք և առաջացնում վտանգավոր վնասվածքներ։ Բացի այդ, պարզվել է, որ ձիանոցի կտուրի ծածկի շերտերի մեջ 1980-ական թվականների աշաատանքների ընթացքում առանց որևէ կոնսերվացիայի հողով և խիճով ծածկվել են 18-րդ դարի դպրանոցի հիմնամասերը:

Հաշվի առնելով բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները և ելնելով ներկա իրավիճակից ներկայացված նախագծով նախատեսվել է և 2017-2019թթ վերականգնման աշխատանքների ընթացքում իրականացվել են`

  • Տանիքների հատվածում հողածածկույթի հեռացում, թաղերի քարաշարքերի մաքրում և ամրացում:
  • Ձիանոցի տանիքին 18-րդ դարի դպրանոցի մշակութային շերտի հիմնամասերի ամրացում և կոնսերվացիա:
  • Կառույցի հիմքերը խոնավությունից զերծ պահելու համար դրանց կից բազալտե սալվածքների իրականացում։
  • Պատերի քարերը ներսից և դրսից աղադաջվածքներից մաքրվում են և ջրակայունացվում, քարաշարքերի կարանախցվում։
  • Թանգարանային մասնաշենքի ներսույթի հարմարեցում` ներառյալ լուսավորությունը և ջեռուցումը
  • Պատուհանների նոր շրջանակների և ճաղերի, նոր դռների նախագծում և իրականացում:

դիտել...