Տաթևի վանական համալիրի Զանգակատունը
Տաթևի վանական համալիրում 14-րդ դարից սկսած 2 Զանգակատուն է կառուցվել: Պատմական աղբյուրների համաձայն հին Զանգակատունը հիմնադրվել է Եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի օրոք /1294-1303/, իսկ շինարարությունն ավարտել է Հովհաննես Որոտնեցի Եպիսկոպոսը /1313-1386/: Հին Զանգակատունը եռահարկ է եղել` տեղադրված Գավիթ Սրահի արևմտյան և Աղոթատուն Դամբարանի հարավային պատերին կից: 1890թ Տաթևի վանահայր Անանիա Համազասպյանը վանքում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ է կատարել: Քանդել է Հին Զանգակատունը, Աղոթատուն դամբարանը և Նոր Զանգակատուն է կառուցել: Նոր Զանգակատան շինարարությունն ավարտվել է 1897թ: Ըստ արխիվային նյութերի այն եռահարկ է եղել: Այս` համաչափություններով և կոնստրուկտիվ լուծմամբ թույլ սեյսմակայունություն ունեցող կառույցը 1931թ Զանգեզուրի երկրաշարժի ժամանակ վանքի մյուս կառույցների համեմատությամբ մեծ վնասվածքներ է ստացել` գրեթե ամբողջությամբ փլուզվելով: Կանգուն են մնացել միայն առաջին հարկաբաժնի 3 նույթերը: 1987թ կազմվել է Զանգակատան վերականգնման նախագիծ, որի հիման վրա սկսվել են վերականգնման աշխատանքները: Դրանք ընդհատվել են 1998թ առաջին հարկաբաժնի տանիքի մակարդակով: Առ այսօր հուշարձանը գտնվում է այդ վիճակում: Նախագծի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի շարք բացթողումներ և թերացումներ, ինչպես հատակի, առաջին հարկաբաժնի և վեղարի ծածկասալերի, նաև երկրորդ և երրորդ հարկաբաժինների առաստաղների վերականգնման գծագրերը: Լուծված չէ նաև առաջին հարկաբաժնից երկրորդ հարկաբաժին տանող աստիճանների հանգույցը: Հիմնավորված չեն 2-րդ հարկաբաժնի վերնամասի կոնստրուկտիվ և ճարտարապետական լուծումները: Այժմ Զանգակատան վերականգնված մասում առկա են քարերի անորակ կցոնումներ, կորոզիայի, աղակալումների և հողմնահարման բազմաթիվ հետքեր:
2013-2016թթ կատարված Զանգակատան վերականգնման նախագծով նախատեսում է`
- Զանգակատան հարակից տարածքներից ջրահեռացման կազմակերպում
- Զանգակատան հիմքերի և հիմնատակերի խոնավությունից պաշտպանում
- Զանգակատան իրականացված առաջին հարկաբաժնում տեղ գտած թերությունների վերացում
- Զանգակատան առաջին հարկաբաժնի տանիքի ծածկասալերի մշակում և իրականացում ջրահեռացման լուծման համար
Արխիվային նյութերի մանրամասն ուսումնասիրության, ինչպես նաև փլուզված քարերի 700-ից ավել վերաչափագրման, եռաչափ պատկերների կազմման և վերլուծության արդյունքում հնարավոր է դարձել վերստեղծել երկրորդ և երրորդ հարկաբաժինների ամբողջական նախնական տեսքը, ինչը հնարավոր է դարձնում անհրաժեշտության և նպաստավոր պայմանների դեպքում հետագայում ամբողջությամբ վերստեղծել Զանգակատունը` իր երեք հարկաբաժիններով:
Առաջին փուլում, Զանգակատան առաջին հարկաբաժնի ամրացման նպատակով, բացի վերը նշված աշխատանքներից, առաջարկվում է քարաշարքերի ստուգում և աղտորոշում, վնասված հատվածների վերաշարում, անորակ կցոնումների փոխարինում, կորոզիայի ենթարկված հատվածների բուժում, բացված կարանների խցանում և մշակում:



























