Տաթևի վանական համալիրի Արևելյան պարսպապատը և Մեկուսարանը
Տաթևի վանական համալիրի Արևելյան պարսպապատը հարավային կողմից սկսվում է Մեկուսարանի կառույցից և Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան ճակատին զուգահեռ 5,4մ հեռավորությամբ տարածվում է դեպի հյուսիս փոքր ինչ բեկվելով միանում Սուրբ Աստվածածին եկեղեցու 1-ին հարկաբաժնի հարավ-արևելյան անկյունը։ Պարսպապատը ունի 56,2մ երկարություն և 1,35մ լայնություն։
Պարսպապատի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Ամենայն հավանականությամբ այն կառուցվել է 9-րդ դարի վերջից 10-րդ դարի սկզբներին:
Պարսպապատը մեր օրերն է հասել կիսաքանդ վիճակում, այժմ պահպանվում են նրա վերգետնյա հյուսիսային (11մ) և հարավային (3մ) հատվածները։ 2015թ․ Կատարված պեղումների արդյունքում ամբողջությամբ բացահայտվեցին ստորգետնյա հիմնամասերը։ Հյուսիսային հատվածում պատի մեջ աղբյուր է իրականաված։ Հավանաբար դա վանքի նախնական աղբյուրն է, որը այժմ չի գործում։
Հարավային կողմից պարսպապատին կից կառուցված Մեկուսարանի մասին նույնպես հավաստի տեղեկություններ չկան: Մեկուսարանը մոտ 1,5մ գետնի մեջ ընկղմված 7.1մx5.4մ չափերի ուղղանկյուն կառույց է: Այն լուրջ վնասվածքներ է ստացել 1931թ. Երկրաշարժի հետևանքով: Այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում: Ամբողջությամբ փլուզվել է թաղածածկ տանիքը և արևելյան պատը, ինչպես նաև հյուսիսային և հարավային պատերի որոշ հատվածները: Գրեթե ամբողջությամբ սակայն խարխուլ վիճակում պահպանվում է արևմտյան պատը:
Մեկուսարանում ուշադրություն է գրավում հատակի 0.45մx0.5մ բացվածքը, որը դեպի նկուղ տանող միակ մուտքն է: Նկուղը երկարավուն՝ 8.2մx2.0մ չափերի, 2.15մ բարձրությամբ թաղածածկ տարածք է: Այն շատ թույլ լուսավորվում է հարավ-արևելյան անկյունից դեպի կիրճն ուղղված փոքրիկ պատուհանի միջոցով:
Արևելյան պարսպապատը և Մեկուսարանը մեծապես վնասվել են 1931թ երկրաշարժի ժամանակ: Հիմնվելով ուսումնասիրությունների վրա և ելնելով առկա իրավիճակից ներկա նախագծում առաջարկվում է`
- Մեկուսարանի թաղի վրա` մաքրումից և ամրակայելոց հետո իրականացնել միաձույլ երկաթբետոնե հարթեցնող շերտ, այն պատել ջրամեկուսիչ շերտով և վերջում ամբողջ տանիքը ճիմապատել ու դարձնել ոռոգելի;
- Նախատեսվում է կատարել պարսպապատի հիմնամասերի ամրակայում, թուլացած քարերի քանդում վերաշարում, քարերի մաքրում, կարանախցում, ինչպես նաև պատերի վերևի հորիզոնական հարթության ջրամեկուսիչ շերտի իրականացում:
- Կառույցները ջրի քայքայիչ ազդեցությունից զերծ պահելու համար նախագծում լուծվել է նրանց վրայից և հարակից տարածքներից մակերևույթային ջրերի կազմակերպված հեռացման հարցերը;
- Նախատեսվում է Մեկուսարանի սենյակների էլեկտրամատակարարում և ջեռուցում:
Պարսպապատը մասնակիորեն վերականգնելուց և ամրակայելուց հետո ներկայացվելու է որպես միջնադարյան վանական համալիրի պաշտպանական համակարգի կարևոր հատված: Մեկուսարանի վերականգնումից հետո նրա օգտագործման նշանակությունը կորոշվի սեփականատիրոջ կողմից:





