"Ներբեռնում..."

Տաթևի վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ ժամանակներից գոյություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցու հարավային կողմում, 848թ սյունյաց իշխան Ֆիլիպպեի կողմից: 1046թ եկեղեցին ամբողջությամբ այրվում է ասպատակիչների հարձակման ժամանակ, այնուհետև վերականգնվում: Եկեղեցին փլուզվում է 1138թ Գանձակի երկրաշարժի ժամանակ և հիմնովին վերականգնվում 1295թ Ստեփանոս Օրբելյան եպիսկոպոսի օրոք: Երրորդ անգամ եկեղեցին վնասվել է 1931 թ. Զանգեզուրի երկրաշարժից և վերականգնվել 1982թ: Եկեղեցու այսօրվա տեսքը 13-րդ դարի վերականգնման աշխատանքների արդյունքն է: Հորինվածքային լուծմամբ եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է կիսակլոր խորանով և երկթեք տանիքով: Չնայած իր համեստ չափսերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի սլացիկ համաչափություններ, չափազանց արտահայտիչ և նրբաոճ արտաքին հարդարանք: Հատկապես աչքի է ընկնում մուտքի, արևմտյան ճակատը, որտեղ նույնիսկ արձանագրությունն իր նկարվածքով ներգծված է ողջ ճակատի հարդարանքի հորինվածքում: 1979թ եկեղեցին չափագրվում է և 1980թ ճարտարապետ Ավետիսյանի ղեկավարությամբ կազմվում է վերականգնման նախագիծը: Վերականգնման աշխատանքներն ավարտվում են 1984թ: Դրանք, ինչպես և Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու վերականգնման աշխատանքները չեն կարող բարձրորակ համարվել: Անձրևաջրերը ներթափանցում են սրահ, քայքայում կոնստրուկցիաները և աղային հետքեր առաջացնում շարվածքի վրա: Հարավային պատի վրա բազմաթիվ տեղերում քարաշարքերի բարձրությունները համապատասխանեցվել են քանդակազարդ քարերի եզրերը կտրելու միջոցով, ինչն անընդունելի է:
2014-2016թթ մշակված վերականգնման նախագծում նախատեսվում է `

  • Եկեղեցու տանիքածածկի վերանորոգում
  • Եկեղեցու խորանի կիսակոր պատի նորոգում` ուղղագիծ ճաքերի վերացման նպատակով
  • Մուտքի բացվածքում 1980-ական թթ ավելացված մեկ լրացուցիչ աստիճանի հանում
  • Նախագծված են հարավային և հյուսիսային պատերին ամրացվող լուսատուներ և խորանի նոր վարագույր
  • Նախատեսվում է եկեղեցու ներկայիս դուռը փոխարինել իր իսկ նախնական դռան նմանօրինակով

դիտել...