Տաթևի վանական համալիրի Գավիթ Սրահը
Գավիթ Սրահը կառուցվել է 1043թ Հովհաննես եպիսկոպոսի օրոք: Այն հյուսիսային կողմով կից էր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցուն, իսկ արևելյան կողմով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն: Եկեղեցիներին կից սրահները բավականին տարածված են եղել Հայաստանի միջնադարյան վանքերում: Դրանք սովորաբար օգտագործվել են որպես ժաղովատներ, ինչպես նաև դպրանոցներ /օրինակ Սանահնի վանքում/: Թե ինչ նպատակի է ծառայել Տաթևի Գավիթ Սրահը, ստույգ տեղեկություններ չկան: Հատկանշական է, որ 1787թ Գավիթ Սրահի հյուսիս արևելյան անկյունում Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հյուսիսային մուտքի դիմաց կառուցվում է 14-րդ դարի մեծ գիտնական, հռետոր և փիլիսոփա Սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը: Կառույցը մի քանի անգամ քանդվել և վերականգնվել է: Վերջին անգամ փլուզվել է 1931թ Զանգեզուրի երկրաշարժից: Գավթում բավական մեծ թվով գերեզմաններ են եղել: Մինչ օրս պահպանվել է երկու տապանաքար: Գավիթ Սրահից մեր օրերին է հասել միայն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցուն կից կամարաշար հյուսիսային պատի թաղի ստորին քարաշարքերը և հիմնախարիսխները, որոնք բացվել են 2015թ պեղումների արդյունքում: Կառույցի պահպանված մասերը, հարակից եկեղեցիների վրա մնացած հետքերը և արխիվային նյութերը օգնում են շատ որոշակի պատկերացում կազմել Գավիթ Սրահի հորինվածքի վերաբերյալ:
2014-2016թթ մշակված վերականգնման նախագծով առաջարկվում է`
- Հյուսիսային պատի վերևի շարքի թուլացած քարերի քանդում վերաշարում, դրանց վրա թաղի կորությանը համապատասխան մեկ քարաշարքի ավելացում և պատի վերևի մակերեսի վրա ջրահեռացման առվակի իրականացում
- Քարաշարքերի կարանների լցոնում, մաքրում, ախտահանում






