Տաթևի վանական համալիրի տարածքի կազմակերպման և բարեկարգման նախագիծ
Նախագծի մշակմանը նախորդել են տարածքի հնագիտական, երկրաֆիզիկական և երկրաբանական հետազոտություններ: Տարածքն ունի մոտ 5 հա մակերես և գտնվում է վանական համալիրի պահպանման գոտում: Բարեկարգման համար առաջնային է համարվել վանքի Գլխավոր և Հյուսիսային մուտքերից դեպի Սուրբ Պողոս Պետրոս և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներին մոտենալու ավանդական ուղղությունը պահպանելը: Հետիոտնի ճանապարհների գերակշիռ մասը նախագծված է այնպես, որ խիստ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանք օգտագործել որպես կարևոր կառույցներին մեքենաների մոտեցման ճանապարհներ: Հետիոտնի հիմնական ճանապարհները զուգակցվում են հաշմանդամների սայլակների տեղաշարժման ուղիներին:
Արևելյան պարսպապատի հարևանությամբ, բնակելի խցերին հարող տարածքի վրա կազմակերպվել է մեծաթիվ խաչքարերի և կառույցների քանդակազարդ բեկորների ցուցադրման հարթակներ: Այս հատվածն իր բնույթով նախատեսված է որպես հանգստի և ցուցադրման տարածք`հիմք ընդունելով այն փաստը, որ ըստ արխիվային փաստաթղթերի, այստեղ նախկինում եղել է հանգստի գոտի վանականների, դպրատան աշակերտների և այցելուների համար: Այս տարածքն անցուղիով բաժանված է երկու մասի, որոնցից մեկը, եռանկյունաձևը, գտնվում է Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցուն մոտ, իսկ մյուսը, սեղանաձևը հարում է բնակելի խցերին: Եռանկյունաձև հատվածում տեղադրված են վանքի խաչքարերի մի մասը պարզ բազալտե պատվանդանների վրա: Խաչքարերի խմբերը տեղադրված են այնպես, որ վանքի բակի տարածքի կարևորագույն դիտակետերից ընկալվեն իրենց հորինվածքային առավել շահեկան կերպով:
Բնակելի խցերին հարակից սեղանաձև հատվածը մշակված է այգեպուրակային սկզբունքով: Այս տարածքում նախատեսված են ռելիեֆի ուղղությամբ կազմակերպված հետիոտն անցուղիներ, որոնք տարածքը բաժանում են 4 ` իրարից 40-50սմ բարձրությամբ հենապատերով բաժանված մասերի: Մի քանի պարզ ուղղանկյուն բազալտե նստարաններ ներգծված են հենապատերի հորինվածքի մեջ: Այս տարածքի հորինվածքային կենտրոնում տեղադրված է խաչքարերի ցուցադրման ևս մեկ հարթակ` 6 խաչքարերով և երկու փոքր ջրավազաններ: Դարավանդների մշակումը նախատեսված է ցածր խոտածածկերով և թփուտներով, որոնք չեն խոչընդոտի արժեքավոր խաչքարերի ընկալումը:








