Ծաղկաձոր քաղաքի վերակառուցման հայեցակարգ
Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լանդշաֆտի անկրկնելի լանդշաֆտի հատվածներից մեկում քաղաքաշինական ակտիվ կառուցվածքի ներդաշնակ ներգծման լավագույն օրինակներից մեկն է: Այս` բնական լանդշաֆտի և բնակելի կառուցապատման բացառիկ ներդաշնակությունն էլ ավելի է արժևորվել Հայաստանի միջնադարյան նշանավոր կոթողներից մեկով` Կեչառիս վանական համալիրով /IX-XIIIդդ/: 1950-1960 թթ բնակավայրի ինտենսիվ կառուցապատման շրջանում այս բնական-քաղաքաշինական ներդաշնակ համակարգը խաթարվել է, քանի որ բնակավայրի առավել կարևոր հատվածներում իրականացվել են ցածրորակ տիպարային շենքեր:
Ծաղկաձորի վերակառուցման հայեցակարգում` բնակավայրի ֆունկցիոնալ կազմակերպման և տարածական կառուցվածքի փոփոխման խնդիրների ուսումնասիրությունների հետ մեկտեղ առաջարկվել են լուծումներ` պատմական բնակավայրի քաղաքաշինական արժանահատկությունների վերականգնման և ապագայում քաղաքի աճող կարիքներին համընթաց ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այս լուծումներում կարևոր տեղ է հատկացվում քաղաքային կառուցվածքում Կեչառիսի վանական համալիրի հորինվածքային ազդեցության ոլորտի ընդլայնմանը և քաղաքաշինական դերի բարձրացմանը:

